Ուկրաինայից վտարված բլոգեր Էլվին Իսաեւին ներկայացված մեղադրանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների բացակայությամբ դժվար է մեկնաբանել Ադրբեջանին նրան հանձնելու իրավաչափությունը: Turan գործակալությանն այսպիսի կարծիք է հայտնել մեդիայի իրավունքի ոլորտի փորձագետ Ալեսքեր Մամեդլին:

Նրա խոսքով՝ դեռեւս 2019 թվականի օգոստոսի 22-ին Ադրբեջանում դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը: Նման դեպքում պետք է նրա հետախուզման մասին հայտ լիներ Ինտերպոլում: Սակայն հայտնի չէ՝ եղե՞լ է նման հայտ, թե՞ ոչ:

Եթե հայտ եղել է, ապա պետք է բարձրացվեր արտահանձնելու հարցը: Ընդ որում՝ բնակության երկիրը պետք է ստուգի Իսաեւին մեղսագրվող հանցագործությունը Ադրբեջանում նույն հանցագործությո՞ւնն է:

Ինչ վերաբերում է բլոգերի կողմից էթիկական նորմերի խախտմանը, այդ դեպքում հայցը քրեական մեղադրանքի մասնավոր կարգով պետք է ներկայացնի կոնկրետ անձը, որն իրեն վիրավորված կամ զրպարտված է համարում:

Այսպիսի դեպքերում դատախազությունը կամ ոստիկանությունը չի կարող քրեական գործ հարուցել:

Իսաեւին հիպոթետիկորեն կարող են մեղադրել նաեւ Ադրբեջանի ՔՕ 281 հոդվածով (պետության դեմ բացահայտ կոչեր) կամ 283 հոդվածով (ազգամիջյան, միջռասայական, միջկրոնական ատելության հրահրում): Սակայն հանրությանը պետք է տեղեկատվություն տրվի մեղասգրվող արարքների մասին:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից մեկնաբանություններ ստանալու Turan-ի փորձերը անարդյունք են եղել:

Հիշեցնենք , որ Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Իսաեւը Կիեւում ձերբակալվել է դեկտեմբերի 12-ին եւ վտարվել Ադրբեջան, որից հետո դատարանի որոշմամբ կալանավորվել է: