2019-ի 11 ամիսների ընթացքում ստվերի վերհանման արդյունքում վերականգնվել է 214 մլն դրամ. սա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին, այստեղ փոքր բիզնեսը գրեթե բացակայում է:  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հարցին, թե որքան է կազմում ստվերային տնտեսությունը՝ հաշվի առնելով, որ ՊԵԿ նախագահը խոսել էր մոտ 22 տոկոսի մասին, Էդվարդ Հովհաննիսյանն ասաց. «Նախկինում ստվերի ծավալը շատ ավելի մեծ էր, մոտ 40 տոկոսի մասին էր խոսվում, իսկ ներկայումս խոսքը 20-22 տոկոսի մասին է: Իհարկե, զարգացած երկրներում ստվերային տնտեսությունը շատ ավելի ցածր է՝ 10-12 տոկոս, բայց գնահատականները շատ մոտավոր են:

Չեմ կարող նշել, թե յուրաքանչյուր տարի քանի տոկոսով է նախատեսվում ստվերը կրճատել: Դա աշխատանքի արդյունքներով պետք է գնահատել: Բայց դրանք շատ մոտավոր թվեր են»,-ընդգծեց նա: