Արգենտինայի կառավարությունը երկրի կոնգրեսին է առաջարկել օրենսդրական նախագիծ, որով արտասահմանյան արժույթով մի շարք գործարքների դեպքում հարկ կսահմանվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսպես, նախաձեռնության հեղինակների ծրագրով՝ օրենքի հիմնական մասերից մեկով 30 տոկոսանոց հարկ կսահմանվի արտասահմանյան արժույթով կատարվող որոշ գործարքների համար։ Այս նախաձեռնությունը կապված է այն բանի հետ, որ երկրի նոր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը խնդիր է դրել երկրում «սոցիալական արդարություն» հաստատել։ «Որոշվում է օրենքի ընդունման պահից հարկեր սահմանել հետեւյալ գործարքների համար՝ արտասահմանյան արժույթի գնում, ներառյալ կուտակման համար ճանապարհային կտրոնները»,- նշվում է օրենքի նախագծում, որը հրապարակել է TN-ը։

Առաջարկվում է նաեւ հարկ սահմանել «զբոսաշրջային գործակալությունների միջոցով արտասահմանում ծառայություններ ստանալու, երկրի սահմաններից դուրս ուղեւորատար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։ Խոսքը արտասահմանյան ինտերնետ-խանութներում դոլարով գնումներ կատարելու եւ տարատեսակ հարթակների, օրինակ՝ Netflix-ի եւ Airbnb-ի ծառայությունների համար ինտերնետում վճարման մասին է։

Ընդ որում, ստացված գումարների 70 տոկոսը առաջարկվում է ուղղել սոցիալական ոլորտի, 30 տոկոսը՝ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորմանը, TN-ի եթերում հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Մարտին Գուսմանը։

Այլ միջոցառումների թվում առաջարկվում է կես տարուց թոշակային համակարգի վերանայում, իսկ առայժմ թոշակառուները դեկտեմբերին եւ հունվարին թոշակից բացի հավելավճար կստանան։ Կես տարով երկարաձգվում է սակագների սառեցումը, որից հետո դրանք նույնպես կարող են վերանայվել։