ՆԱՏՕ-ն այս շաբաթ երկրորդ ամերիկյան Global Hawk անօդաչուն կստանա, հայտնում է Reuters-ը։
Մի քանի տարվա հետաձգումից հետո անօդաչուների համակարգը, որն, ըստ ՆԱՏՕ-ի, աշխարհում ամենաառաջադեմը կդառնա, դաշինքին շուրջօրյա կապահովի երկրագնդի վերահսկողության հնարավորությամբ՝ գտնվելով նրա սահմաններից դուրս եւ իրական ժամանակում։ Այն նաեւ ավելի մեծ տեսանելիություն կունենա, քան արբանյակները։
«Դա շատ-շատ երկար ճանապարհ էր»,- ասել է ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերի համակարգի ավագ կառավարիչ, բրիգադային գեներալ Ֆոլքեր Սամանսը։
Արտադրող Northrup Grumman ընկերության հետ ծախսերի պայմանագրային վեճերից հետո առաջին անօդաչուն նոյեմբերին տրամադրվել էր Իտալիայում Sigonella ավիաբազային։
Սամանսի խոսքերով՝ հաջորդ տարվա ամռանից հետո կտրամադրվեն եւս երեք անօդաչուներ։
«Մենք ստեղծում ենք ոչ մեծ օդային ուժեր»,- Սիցիլիայի ավիաբազայում ասել է նա լրագրողներին։
ՆԱՏՕ-ում 15 դաշնակիցներ ֆինանսավորել են անօդաչուների, ինչպես նաեւ Airbus-ի արտադրության ցամաքային կայանների ձեռք բերումը։
ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամները հասանելիություն կունենան հետախուզական տվյալներին, որոնք դրանց միջոցով կստացվեն։ Անօդաչուները թռիչքը կմեկնարկեն Sigonella-ից եւ կթռչեն ՆԱՏՕ-ի օդային տարածքում, սակայն հակամարտությունների դեպքում կարող են նաեւ այլ տարածքներում լինել։





























