ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հարցով քվեարկության նախօրեին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղարկել է զայրալից նամակ, հայտնում է BBC News-ը: 

Դոնալդ Թրամփն իր ուղերձում Նենսի Փելոսիին մեղադրել է «ամերիկյան ժողովրդավարության դեմ պատերազմ սանձազերծելու» մեջ:

«Դուք նվազեցրել եք ամենաայլանդակ բառ իմփիչմենթի կարեւորության արժեքը»,- երեքշաբթի գրել է նա իր նամակում:

ԱՄՆ նախագահի դեմ՝ Ուկրաինայի հետ կապված անձնական քաղաքական նպատակներ հետապնդելու մեղադրանքների հիմքով իմփիչմենթի հարցով քվեարկությունը տեղի է ունենալու չորեքշաբթի: Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատը քվեարկելու է իմփիչմենթի օգտին, եւ գործն ուղարկվելու է Սենատ:

Այս քայլը դիտվել է որպես Թրամփի կողմից արտասովոր միջամտություն, որը մինչեւ հիմա պայքարում էր իմփիչմենթի ընթացակարգը փակուղի մտցնելու համար՝ խոչընդոտելով առանցքային խորհրդականներին, որոնց կանչել էին Ներկայացուցիչների պալատ իմփիչմենթի շրջանակում ցուցմունքներ տալու, նշում է հեռուստաալիքը:

Արդյունքում Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակին 6 էջանոց զայրալից նամակ է ուղարկել, որում ոչ միայն կտրուկ հանդես է գալիս ինփիչմենթի դեմ, այլեւ դատապարտում է իրեն՝ Նենսի Փելոսիին:

Թրամփն իր նամակում պնդում է, որ «իմփիչմենթի հետ կապված այդ խաբեության ամենասկզբից իրեն զրկել են հիմնական պատշաճ Սահմանադրական դատավարությունից եւ Սահմանադրությամբ նախատեսված ամենահիմնարար իրավունքներից, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու իրավունքից»:

Ավելին՝ նա հայտարարել է, որ «Սալեմի վհուկների դեմ դատը ավելի շատ իրավական հիմնավորումներ ուներ, քան իմփիչմենթի ընթացակարգը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ինքն է նախագահին եւ նրա թիմին առաջարկել մասնակցել իմփիչմենթի ընթացակարգին՝ ցանկացած ապացույց ներկայացնելու եւ այդ գործով անցնող վկաներին հարցաքննելու իրավունքով, սակայն նա առաջարկը մերժել էր: