«Բազմակարծիք կրթական համակարգի ձեւավորում» ծրագրի շրջանակում մասնակցային մշակույթի դասավանդման մասին գիտելիքի եւ փորձի փոխանակման նպատակով հայկական հանրակրթական դպրոցների 11 տնօրեն, 8 ուսուցիչ եւ 6 հայ փորձագետ դեկտեմբերի 8-ից 13-ը այցելել են ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։

Հայ մասնագետները Գերմանիա են մեկնել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթի կրթության նախարար Թուլների հրավերով։ Ուսումնական այցի ընթացքում հայ պատվիրակները դասալսումներ են կատարել երեք հանրակրթական դպրոցում, ծանոթացել «LISA» ուսուցիչների վերապատրաստման եւ որակի ապահովման ինստիտուտի աշխատանքին, ինչպես նաեւ Գերմանիայի հանրակրթական համակարգին, մասնակցել են «Կենտրոնացված քննություններ եւ դպրոցների որակի ապահովում» համագերմանական կոնգրեսին, այցելել Ֆրանկեի հիմնադրամ եւ այլ մշակութային հաստատություններ։

Այս փուլը հաջորդել է Երեւանում եւ Վանաձորում կայացած աշխատաժողովներին, որոնց միջեւ ընկած ժամանակահատվածում մասնակիցները փորձարկել են կոմպետենցիաների ձեւավորմանն ուղղված դասի տարրերը, մեթոդները, առաջադրական բայերի եւ նկարագրիչների կիրառումը։ Տնօրեններն իրենց հերթին ուրվագծել են կոմպետենցիոն դասավանդման խրախուսման եղանակները, առկա խոչընդոտներն ու մասնակցային խորհուրդների աշխատանքի եւ առանցքային կոմպետենցիաների ձեւավորման միջեւ կապ ստեղծելու հնարավորությունները։

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները բարձր է գնահատել հայ եւ գերմանացի փորձագետների համագործակցությունը եւ նշել, որ Սաքսոնիա-Անհալթն այսուհետ եւս պատրաստ է կիսվել կրթական բարեփոխումների փորձով հայ գործընկերների հետ։ Գարնանը սպասվում է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլների այցը Հայաստան։

Տեղեկացնենք նաեւ, որ ծրագրային գործընկերները մտադիր են շարունակական դարձնել «Մասնակցային դպրոց» նախաձեռնությունը, ինչը թույլ կտա ՀՀ կրթական չափորոշիչների վերանայման փուլում դպրոցներում գործնականում փորձարկել կոմպետենցիաների ձեւավորմանն ուղղված ուսուցումը եւ կատարել փորձի փոխանակում հայաստանյան մյուս դպրոցների հետ։

 «Բազմակարծիք կրթական համակարգի ձեւավորում» ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարությունը, ինչպես նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամն ու Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն իրականացվում է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցներով եւ Սաքսոնիա-Անհալթի Դրոյսիգի դպրոցի հիմնադրամի հետ։