Իշխանափոխությունից 1,5 տարի անց Հայաստանի նոր իշխանությունները դեռեւս չեն կարողացել հասկանալ, ընկալել կառավարման կարեւորագույն գործառույթների իրականացման տրամաբանությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Կառավարման գործընթացն իրականացվում է երեք  հիմնական կոմպոնենտով՝ կազմակերպում,  ղեկավարում, համակարգում։ Այսօր իշխանության բարձրագույն  օղակներում գտնվող մարդիկ չունեն այս բաղադրիչների գոնե նվազագույն փորձառություն եւ գիտելիքներ, հետեւաբար ձախողումները, տապալումները, սխալները եւ թերություններն անխուսափելի են»,-ասաց նա:

Ղազինյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին կառավարության նիստում․

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարողանում ստանալ իր համար կարեւոր  տեղեկատվություն: Եթե  սա բացենք մեր քաղաքացիների համար, ապա դա նշանակում է, որ երկրում օպերատիվ կառավարում չի իրականացվում: Եթե  պետության ղեկավարը չի կարողանում ստանալ իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա  ինչ տեղեկատվություն է փոխանցում մեր քաղաքացիներին՝ խոսելով անդադար, շատ եւ երկար տարբեր հարցերի վերաբերյալ: Սա նաեւ տեղեկատվական անվտանգության խնդիր է, որ  պետության ղեկավարը պետք է լինի համալիր, համապարփակ, ամբողջական տեղեկացված Հայաստանի ներսում եւ Հայաստանի հետ կապված  Հայաստանից դուրս ընթացող գործընթացների վերաբերյալ»:

Բացի այդ, նրա խոսքով, մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ․ «Այսօրվա կառավարությունը  չունի հնարավորություն ոչ տեսական, ոչ գործնական, լուծելու առկա խնդիրները, նաեւ չունի հնարավորություն կառավարելու այդ  խնդիրները: Այսօր մեր երկրում գոյություն ունի օպերատիվ կառավարման ճգնաժամ, Հայաստանի Հանրապետությունը չի կառավարվում: Գնահատականները միգուցե սուր են, բայց  դա օբյեկտիվ են եւ արտացոլում են այն պատկերը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը իր հայտնի պոռթկումի ժամանակ՝ նաեւ նշելով, որ կառավարությունից ստանում են փաստաթղթեր, որոնք չեն հասկանում, թե որերորդ դասարանի աշակերտն է գրել։ Ուզում եմ տեղեկացնեմ քաղաքացիներին, որ կառավարություն գրությունները գնում են բացառապես նախարարի կամ առաջին տեղակալի, տեղակալի կամ պաշտոնակատարի կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ, պետք է պարզաբանի, թե  կոնկրետ որ նախարարին նկատի ուներ եւ ում էր կարծում՝ չգիտեմ որերորդ դասարանի աշակերտ»։