Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բողոքը դատարանում ձեւակերպվել է ոչ ճիշտ, եւ այն վերադարձրել են լրամշակման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 18-ին ասաց Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը։

Նրա խոսքով՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոք ներկայացրել է, բայց այն ճիշտ չի ձեւակերպվել։

«Հիմա նրանք 2-3 շաբաթ ունեն, որպեսզի ամեն բան շտկեն եւ նորից բողոք ներկայացնեն»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը դատարան էր դիմել պայմանագրի գործողության դադարեցման եւ իրեն պաշտոնից հեռացնելու հետ կապված։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հանրահռչակ դիրիժորի հայցը։