Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սերժ Սմեսովն ապրիլի 7-ին նշանակվել է Արեւելյան հարեւանության եւ Սեւծովյան տարածաշրջանի հարցերով դեսպան: Նա Հայաստանում դեսպան է եղել 2006 - 2010 թվականներին:
«Այս նշանակումը վերահաստատում է Ֆրանսիայի հետեւողական աջակցությունը արեւելյան հարեւանների հետ Եվրոպական միության հարաբերությունների ամրապնդմանը, ինչը Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագրի նպատակն է», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:
Սմեսովը ներկայացնելու է Ֆրանսիայի արտգործնախարարին Արեւելյան հարեւանության ծրագրի, ինչպես նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում գործող կառույցներում եւ անցկացվելիք միջոցառումներում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ Սմեսովը փորձառու դիվանագետ է եւ լավ է պատկերացնում տվյալ տարածաշրջանը` որպես դեսպան պաշտոնավարած լինելով Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում:





























