Ինձ դարձրել են հաշմանդամ, եւ այս վիճակում ինձ միայնակ թողել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը։
«Ապրելու միջոց չկա, մնում է տունը ծախեմ, պրծնեմ։ Գնացել եմ, երկրի համար ծառայել եմ, այսօր այս երկրում միայնակ եմ մնացել։ Ես ունեմ բուժման եւ ֆինանսական օգնության կարիք։ Այս 9 տարվա մեջ պաշտպանության նախարարությունից չեկան, տեսնեն ինչ պայմաններում եմ ապրում։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է, թե ինձ մեծ օգնություն են ցուցաբերել, մարդիկ ասում են՝ այդքան օգնել են, դու բողոքում ես, բայց այդ գումարները, որ տրվել են, դեղերի համար են ծախսվել»,- նշեց նախկին զինծառայողը։
Դավիթ Հակոբյանը բժիշկներին է մեղադրում սխալ բուժման եւ իրեն այդ վիճակին հասցնելու համար։ Նշում է՝ անհապաղ բուժման կարիք ունի․ «Թիակիցս բռնած ոսկորներս դուրս են եկել, սնուցում չկա, իրանս բարակում է, ոչ ոք ուշադրություն չի դարձնում»։
Նախկին զինծառայողը անհեթեություն համարեց ՊՆ-ի այն պարզաբանումը, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով պետական բյուջեի միջոցներով օտար պետությունում բուժման իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողները»: Նա պնդեց՝ իր հիվանդությունները ձեռք է բերել ծառայության ժամանակ։
Դավիթ Հակոբյանը նաեւ պնդեց՝ Գերմանիայում իրեն կարող են բուժել։ «Թղթերն ուղարկել ենք Գերմանիա, որտեղ 99 տոկոսով երաշխավորել են բուժումը, նույնիսկ Գլենդելից են պատրաստակամություն հայտնել գումարի կեսը տալ, սակայն ՊՆ-ում չեն համաձայնել պահանջվող գումարի մյուս կեսը հատկացնել»։
Նախկին զինծառայողը այս տարվա ապրիլին հացադուլ էր արել ՊՆ-ի դիմաց, երեք օր անց դադարեցրել էր, քանի որ ՊՆ-ից խոստացել են իր խնդիրներին լուծում տալ։
Խնդրին Facebook-ի իր էջում անդրադարձել էր Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Դավիթ Հակոբյանի հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից:





























