Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:
Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման կապակցությամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ նախարարության վարած քաղաքականության շրջանակում է, այն է՝ սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսի հետ, որը ըստ նախարարի, թույլ կտա գործընկերների աջակցությամբ ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը կարեւոր է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու տեսանկյունից: «Նման կազմակերպությունների եւ բիզնեսի հետ համագործակցությւնը թույլ է տալիս զարգացնել նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունները եւ պատշաճ մակարդակի բարձրացնել դասավանդումը: Կարեւոր է, որ նոր մասնագիտությունների մշակմանը զուգահեռ ստեղծենք ենթակառուցվածքներ, եւ այս նախաձեռնությունն այդ առումով հաջողվածներից է՝ եւ՛ նոր մասնագիտություն ու չափորոշիչ է մշակվել, եւ՛ ապահովվել է նյութատեխնիկակական բազան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ աջակցության համար: «Ծրագիրը ոչ միայն ոլորտի զարգացմանն է նպաստում, այլ նաեւ աջակցություն է բնապահպանական մի շարք ծրագրերի հաջող ընթացքին: Այս տարի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ ընդունելություն է եղել բոլոր երեք հաստատություններում, եւ սա հազվադեպ երեւույթ է, որ բոլոր քոլեջները նույն մասնագիտությամբ ունենան 100 տոկոսանոց ընդունելություն: Սա հերթական անգամ ապացույց է այն փաստի, որ եթե առկա է կրթական ծառայությունների պատշաճ մակարդակ, ապա հետաքրքրությունը մեծանում է տվյալ մասնագիտության նկատմամբ»,-նշել է Արայիկ Հարությանյանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այն երիտասարդները, որոնք ընտրել են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, ապագայում լավ հեռանկարներ ունեն՝ աշխատանք գտնելու հետ կապված: «Ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ քայլում ենք ժամանակին համընթաց, եւ կրթական չափորոշիչները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-նշել է Էրիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացվեն շրջակա միջավայրին առնչվող կրթական նոր նախաձեռնություններ:
Հյուրերը շրջել են քոլեջում, ծանոթացել մասնագիտության ուսուցման համար ուսհաստատությունում առկա տեխնիկական հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն մասնագիտական բարձրորակ կրթության ձեւավորմանը:
Նշենք, որ 2018 թվականին վերոնշյալ երկու նախարարությունների եւ Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի եւ Արտաշատի պետական քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման եւ օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:
Այս ընթացքում մշակվել է համապատասխան չափորոշիչը, որի վրա աշխատել են լավագույն մասնագետները: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ բոլոր հաստատություններում ներդրվել է նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի եւ այլ մարզեր: Ֆինանսավորումն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը. պետբյուջեից փոխհատուցվում է միայն 45 ուսանողների՝ պետպատվերի շրջանակում ուսումը:





























