Միշտ արդարացիոներն ասվում էր՝ ինչու եք պետպատվերի միջոցները տալիս հիվանդանոցներին, տվեք մարդկանց, այսինքն ոչ թե պացիենտը գնա գումարի հետեւից հիվանդանոց, այլ գումարը գնա պացիենտի հետեւից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մարդն ինքը ընտրի, որ այն ծառայությունը, որ իրեն հասնում է պետպատվերի շրջանակում, ինքը որ հիվանդանոցում ստանա եւ ըստ այդմ բյուջեից գումարը գնա տվյալ հիվանդանոց: Այս հարցը երկար ժամանակ չէր լուծվում, որի համար կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն այն էր, որ այնուամենայնիվ, պետպատվերի համար հատկացված գումարները չէին բավականացնում պետպատվերի բոլոր շահառուներին սպասարկելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ նախկինում էլ եղել է, որ ասենք, հիվանդանոցին տրվել է պետպատվերի 100 մլն դրամ, եւ դա ավարտվել է տարվա կեսին. «Լինում էին նաեւ իրավիճակներ, որ հիվանդանոցները իրենց տրված պետպատվերից ավելի ծառայություններ էին մտուցում եւ ակնկալում էին, որ կառավարությունը ֆինանսավորի, իսկ կառավարությունն էլ ասում էր՝ բոլոր տեղերն է ավարտվել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս 1,5 տարվա ընթացքում հասել են նրան, որ մեծացել է վստահությունը, որ պետպատվերի գումարը տարվա կեսին չի ավարտվի:

Միշտ առաջանում են փոթորիկներ, թե ինչու այս հիվանդանոցին տրվեց էսքան, մյուսին՝ էնքան: Հիմա երբ այս մեխանիզմը դնենք, այդ խոսակցությունն արմատախիլ կլինի: Այլեւս նախարարությունը չի որոշի, թե որ հիվանդանոցը որքան պետպատվերի գումար է ստանում, դա կորոշի պացիենտը, ով այդ ծառայությունը ստացել է: Հիվանդանոցները ստիպված կլինեն բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»,-հայտարարեց Փաշինյանն ու հավելեց. «Սա առողջապահության ոլորտում հեղափոխական փոփոխություն է»: