Երբ բանտից զանգեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել եմ՝ Նիկոլ, դու արտաքին քաղաքականությունը տապալելու ես հատկապես ԼՂ հարցում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Ես իրեն մի անգամ, որ բանտից զանգեցի, ասել եմ՝ Նիկոլ, ես չեմ կասկածում, որ դու փորձելու ես ներքին օրինականություն հաստատես, բայց դու արտաքին քաղաքականությունը տապալելու ես, հատկապես ԼՂ հարցում։ Ինքն ասեց՝ չէ Շանթ,  որ դուրս գաս, քո հետ կխոսեմ, նենց բան կասեմ, բայց պիտի 10 տարի Շահենիկին էլ չասես, ասեցի մի ասա, ես գիտեմ Պուտինը քեզ ինչ է խոստացել, դու հավատում ես, տա Աստված, դու ճիշտ լինես, ես չեմ հավատում ռուսներին»,-նշեց նա։

Շանթ Հարությունյանը համոզմունք հայտնեց՝ երբ ընդդիմադիրները խոսում են, շահում է իշխանությունը․

«Առ այսօր ինքը դեռ կարողացել է այդ վտանգի դեմն առնել, ինքն է առել, ով է առել, ես չգիտեմ։ Երբ ես եմ ասում կամ որոշ մարդիկ, դրանով օգնում ենք մի տեղ, որ ռուսները վախենում են քայլի գնալ։ Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանն ասում էր Նիկոլը գործարքի է գնացել հողերի դիմաց, նա ըստ էության Նիկոլին փրկեց և հայ ժողովրդին։ Այսինքն, Պուտին Ալիևին ասեց՝ եթե ես հիմա Նիկոլին ասեմ հողերը տուր, կապացուցվի, որ իշխանության է եկել հողերի դիմաց,  կդատվի որպես հայրենիքի դավաճան, հողերի պայմանագիրն էլ չեղյակ կանեն»։