Մինսկում ապրիլի 11-ին մետրոյում ահաբեկչական պայթյունից հետո սկսվել են առաջին ձերբակալությունները:
Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը «Ինտերֆաքսի » հետ զրույցում չի հստակեցրել, թե արդյոք ձերբակալվածները կասկածվո՞ւմ են ահաբեկչական գործողության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ստեղծել է ահաբեկչության կատարման մեջ կասկածվող երկու անձանց ֆոտոռոբոտները:
Նշենք, որ պայթյունը որոտացել է նախօրեին` ապրիլի 11-ին տեղի ժամանակով 17:58-ին, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունն այնքան հզոր է եղել է, որ բետոնե հատակին փոս է գոյացել, մասամբ փլուզվել են առաստաղն ու շարժասանդուղքի պատերը: Պայթյունի պահին դեպքի վայրում մոտ 300 մարդ է եղել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը դեպքը որպես ահաբեկչություն է որակել: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-7 կգ տրոտիլին համարժեք: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի նստարարներից մեկի տակ, եւ դրա մեջ խոցող տարրեր են եղել: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 134-ի:
Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացի Սամվել Էրիկի Սահակյանը, ով այժմ Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում է: Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Մինսկում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարվել:





























