ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից գողության փորձ կատարելու, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվությունից:

2019 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:44-ին, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրից ահազանգ է ստացվել այն մասին, որ խմբագրությունը տակնուվրա է արվել:

Նախնական տվյալներով՝ նշված օրը՝ ժամը 00:30-ից մինչեւ 10:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է խմբագրության պատշգամբի լուսամուտը, ապօրինի մուտք գործել ներս եւ փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դեպքի առթիվ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (առանձնապես խոշոր չափերով գողության փորձ) եւ 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:  Նրա խոսքով, ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված. «Կոչ եմ անում իրավապահներին  շուտափույթ պարզել` ինչ է տեղի ունեցել, ովքեր են ներխուժել խմբագրություն»,-ասել է Զոհրաբյանը: