ԱՄՆ-ն կքվեարկի ընդդեմ Ռուսաստանի առաջարկած կիբեռհանցավորության դեմ պայքարի մասին բնանաձեւի, որն ուրբաթ ներկայացվելու է ՄԱԿ ԳՎ քննարկմանը, եւ կփորձի իր տեսակետը հասցնել ՄԱԿ անդամ մյուս պետություններին: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը՝ իր անունը չհրապարակելու պայմանով, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ Ռուսաստանի՝ ամենայն հավանականությամբ, կհաջողվի բանաձեւը հաստատել ՄԱԿ ԳՎ նստաշրջանում: Աղբյուրի խոսքով, սակայն, ԱՄՆ-ն կորձի «պարզաբանման աշխատանք տանել»՝ ՄԱԿ անդամներին բացատրելով, թե Վաշինգտոնն ինչու է կարծում, որ ռուսական նախաձեռնությունը կհանգեցնի միայն կիբեռհանցավորության դեմ պայքարի համար անհրաժեշտ ռեսուրսների շեղման:
Ռուսաստանի առաջարկած բանաձեւը, որը կոչ է անում ստեղծել կիբեռհանցավորության մասին նոր գլոբալ համաձայնագրի մշակմամբ զբաղվող խումբ, հարուցում է Վաշինգտոնի լուրջ մտահոգությունը: Պետքարտուղարությունում աղբյուրի խոսքով՝ հիմա ՄԱԿ զինանոցում արդեն մի քանի մեխանիզմներ կան, որոնք կարող են օգտագործվել կիբեռհանցագործների դեմ պայքարում, օրինակ՝ Բուդապեշտյան կոնվենցիան եւ ՄԱԿ մի շարք մեխանիզմներ:
Պետքարտուղարությունում կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված է իր այն տեսալականի առաջմղմամբ, թե համացանցը կոնկրետ ինչպիսին պետք է լինի:
«Ռուսաստանը ցանկանում է... իրականացնել համացանցային տարածքի յուրատեսակ արգելափակում: Արմատապես սահմանափակել այն ազատությունները, որոնք ԱՄՆ-ն արժեւորում է... Լուրջ վախ կա, որ կիբեռհանցագործությունների մասին եւս մեկ համաձայնագրի ստեղծման ռուսական փորձը պարզապես ամբողջ աշխարհին համացանցային տարածքի իր տեսլականը թելադրելու միջոց է»,- նշել է աղբյուրը:
Նա նշել է, որ եթե բանաձեւը հաստատվի, ապա խմբի աշխատանքը, որը զբաղվելու է համաձայնագրի մշակմամբ, կսկսվի հաջորդ տարի: Աղբյուրն ասել է, թե ինքը չգիտի՝ ԱՄՆ արդյոք կմտնի՞ խմբի կազմի մեջ՝ հավելելով, որ դա կախված է «միջգերատեսչական գործընթացներից»:





























