1992թ. ապրիլի 10-ը Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարի պատմության ամենաողբերգական էջերից է, հենց այդ օրը Ղարաբաղի Մարաղա քաղաքում ցեղասպանություն իրականացվեց, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Հաշված ժամերի ընթացքում ադրբեջանցի մարդասպանները ոչնչացրին քաղաքի խաղաղ բնակչությանը` կանանց, երեխաներին ծերերին, նրանց մի մասին գերեւարեցին եւ առ այսօր նրանց ճակատագիրն անհայտ է»,- հայտարարել է Սահակյանը` ընդգծելով, որ ադրբեջանցի մարդասպանների գործողությունները բոլորովին էլ պայմանավորված չէին պատերազմական անհրաժեշտությամբ: «Այդ մարդկանց ոչնչացնում էին հենց այնպես, միայն ազգային պատկանելության համար, ինչպես դա եղավ Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում»,- հայտարարել է պատգամավորը` ընդգծելով, թե դա պետական մակարդակով ծրագրված սպանդ էր:

Սահակյանն ընդգծել է, թե Մարաղայում, Բաքվում եւ Սումգայիթում իրադարձությունների համար անպատժելիությունը հանգեցրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների: Նա Ազգային Ժողովի անունից կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Մարաղայի դեպքերը եւ իրավաան գնահատական տալ դրանց: