ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործած անձինք հինգն են, որոնք եղել են կալանավորներ, նրանց դժգոհությունը պայմանավորված չի եղել ՔԿՀ-ի ծառայության հետ։ Հինգ դեպքերով էլ հարուցվել են քրեական գործեր, երկու դեպքերով քրեական գործերի վարույթները ավարտվել են, կարճվել են հանցադեպի բացակայության պատճառով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։
«Մեկով անձը եղել է պարսկահայ, մեղադրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար եւ թողել է հետգրություն՝ խնդրելով իր ինքնասպանության դեպքով ոչ մեկին չմեղադրել։ Մյուսով, որով նախաքննությունը կրկին ավարտված է, ինքնասպանություն կատարող անձը մեղադրվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։ Հասկանալի է, որ ինքնասպանության շարժառիթը դրանով էլ պայմանավորված է եղել»,- ասաց Քրեակատարողական ծառայության պետը։
Նրա խոսքով՝ կալանավորների ինքնասպանության համար պայմաններ է ստեղծում նաեւ զբաղվածության չապահովումը. «Իմ առաջ խնդիր եմ դրել, որ առաջիկայում լուծվի դատապարտյալների զբաղվածության հարցը։ Այդ նպատակով զբաղվում է «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը», որի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, ձեւավորել եմ աշխատանքային փորձ, որպեսզի ուսումնասիրեն միջազգային պրակտիկան եւ փորձենք տեղայնացնել, թե ինչպես կարելի է դատապարտյալների համար՝ հենվելով միջազգային փորձի վրա ստեղծել աշխատանքի համապատասխան պայմաններ։ Անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որպեսզի «Դատապարտյալների աջակցության հիմնադրամը» ոչ արդյունավետ կառավարման արդյունքում կուտակել է մեծ պարտքեր եւ այդ պարտքերի առկայության պայմաններում որքան էլ փորձեն՝ հեռանկարը ապահվելը շատ դժվար կլինի»։
Արթուր Գոյունյանը նշեց, որ քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարել միայն օրենսդրական փոփոխություններով, հնարավոր չէ, պետք է բարձրացնել նաեւ ՔԿՀ-ների ծառայողների աշխատակիցների աշխատավարձերը, պետք է բարելավեն ՔԿՀ-ների շենքային պայմանները, հոգեբանական ծառայությունները լուրջ խնդիր ունեն կատարելու՝ կազմեն ուղղման անհատական պլան յուրաքանչյուր դատապարտյալի մասով. «Արմավիրում, որտեղ 750 անձ է պահվում, ունենք ընդամենը երեք հոգեբան, որոնք տուն էլ չգնան, չեն հասցնի։ Ինքնասպանության հակում ունեցող անձի հետ հոգեբանները աշխատանք են տանում»։





























