Երեւանում 2019-ի նոյեմբերի 5-ին կայացել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 12-րդ լիագումար նիստերը: Հայկական կողմի առաջարկով ՀԱՊԿ ԽՎ միջոցառումներն անցկացվել են ՀՀ ՊՆ-ում: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներ, ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդներ, ՀԱՊԿ եւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, նա հայտնեց, որ նախագահել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը միաձայն կրկին ընտրվել է ԽՎ նախագահ 3 տարով:

«Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային, հավաքական եւ ազգային անվտանգության ապահովման հարցեր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով՝ կապված ՀԱՊԿ-ում պայմանների մասին: Քննարկման ընթացքում կանխատեսումներ են արվել՝ կապված ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում իրավիճակի հնարավոր զարգացման սցենարների հարցով: Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշայի (Գերագույն խորհրդի) ղեկավար Դաստանբեկ Ջումաբեկովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում 2019 թվականին հանրապետության նախագահության արդյունքները»,- նշեց Սանդիկովը:

Պատգամավորը նշեց, որ հանդիպման ընթացքում տեղեկատվություն է ներկայացվել 2017-ին ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից ընդունված մոդելային օրենսդրական ակտերի նորմերի իմպլեմենտացիայի հարցով աշխատանքների եւ հավաքական անվտանգության մասին ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրերի նախագծի նախապատրաստման, ինչպես նաեւ 2021-2025 թվականներին ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման մասին: