Փարիզի Աստվածամոր տաճարում 200 տարվա մեջ առաջին անգամ բաց կթողնեն Սուրբծննդյան պատարագը, քանի որ եկեղեցում դեռեւս շարունակվում են ապրիլի ավերիչ հրդեհից հետո վերականգնման աշխատանքները, հայտնում է BBC News-ը։

Դրա փոխարեն կեսգիշերվա Սուրբծննդյան պատարագը կանցկացվի Սեն Ժերմեն Լ՛Օկսերուա եկեղեցում, հայտնել են քաղաքի իշխանությունները։

Հեռուստաալիքը նշում է, որ տոնական ամենակարեւոր պատարագներից մեկը 200 տարի անցկացվել է հենց Նոտր Դամում։ Տաճարը միայն մեկ անգամ են փակել՝ Ֆրանսիական արյունոտ հեղափոխության ժամանակ։

Հիշեցնենք, որ 850-ամյա տաճարը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում, զգալիորեն տուժել է ավերիչ հրդեհի հետեւանքով՝ զրկվելով սրածայր աշտարակից եւ գմբեթից։