Ջրի բարձրացման նոր շեմ՝ ծովի մակերեւույթից մինչեւ 150 սանտիմետր բարձր՝ այն դեպքում, երբ կրիտիկական շեմը 130 սանտիմետրն է, Վենետիկում սպասվում է երկուշաբթի առավոտյան։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է քաղաքապետարանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքը շարունակում է մնալ տարերքի հետեւանքների ազդեցության տակ լուրջ հեղեղումներից հետո, որոնք տեղի ունեցան Վենետիկում անցած ամիս՝ նոյեմբերի 13-ին, երբ «բարձր ջրի» մակարդակը հասավ մոտ 190 սանտիմետրի, ինչը ռեկորդային էր վերջին կես դարում։ Իշխանությունների հաշվարկներով՝ քաղաքին հասցվել է 1 մլրդ եվրոյի վնաս։

Հյուրանոցային բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչները դժգոհում են պատվերների շարունակվող պակասից, նոյեմբերից դրանց թիվը հասել է 45 տոկոսի։ Ամանորի գիշերը վենետիկյան հյուրանոցները լիքը կլինեն միայն կիսով չափ, թեեւ դա այն շրջանն է, երբ Վենետիկը մեծ պահանջարկ է ունենում։

Հյուրանոցատերերը վնասը գնահատում են 400 մլն եվրո, բայց նշում են, որ այդ թիվը վերջնական չէ։ Հեղեղումների հետ կապված՝ Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել եւ հատկացրել 20 մլն եվրո հետեւանքների վերացման համար, ավելի ուշ լրացուցիչ 65 մլն եվրո հատկացնելու մասին հայտարարել էր Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարությունը։