Հայաստանի ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը 2011 թ. նախատեսվում է 11.08 մլրդ դրամ (մոտ 30 մլն դոլար): Այդ մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից:

Համեմատության համար նշենք, որ 2011 թ. պետական բյուջեով ոստիկանությանը հատկացվել է 24 մլրդ դրամ (մոտ 65 մլն դոլար): Այսպիսով` ոստիկանությունն իր կարիքների մոտ մեկ երրորդն ապահովում է արտաբյուջեի միջոցով:

Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդն ունի եկամտի 4 աղբյուր, որոնցից երկուսը հիմնական են:

Եկամտի ամենամեծ բաժինը ստացվում է անվտանգության ապահովման եւ պահպանության ծառայությունից` 5.9 մլրդ դրամ կամ ամբողջի 53.4 տոկոսը: Երկրորրդ տեղում ճանապարհային ոստիկանության տուգանքներն են ու մատուցած այլ ծառայությունները` 4.8 մլրդ դրամ կամ ամբողջի 43.8 տոկոսը:

Եկամտի մյուս 2 աղբյուրներից մուտքերն էական չեն: Այդ աղբյուրներն են անձնագիր տրամադրելու հետ կապված վճարները (306 մլն դրամ), ինչպես նաեւ ոստիկանության կողմից բժշկական ծառայությունների մատուցումը (7 մլն դրամ):