Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար Սաուդյան Արաբիան հինգ մարդու դատապարտել է մահապատժի եւ եւս երեքին՝ ընդհանուր առմամբ 24 տարվա ազատազրկման, գրում է Reuters-ը։
«Վաշինգտոն փոստի» մեկնաբան Խաշոգջին սպանվել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում, ուր եկել էր ամուսնության համար փաստաթղթեր ստանալու։
Սաուդյան Արաբիայի պետական մեղադրողը չի նշել դատապարտվածների անունները։ Սակայն արտադատարանական մահապատիժների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը տարբեր կառավարական աղբյուրներից ստացած տեղեկատվությունների հիման վրա հունիսին հրապարակել էր քննության տակ գտնվող 11 հոգու անունները։
Ստորեւ ներկայացվում են նրանցից մի քանիսը։
Գեներալ Մահեր Աբդուլազիզ Մուտրեբ
Ըստ սաուդյան մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ գեներալը հանդիսացել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Սաուդ Ալ-Քահտանիի տեղեկատվական անվտանգության գծով նախկին «աջ ձեռքի» օգնականը։ ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ Մուտրեբը մասնակցել է գործողության ծրագրավորմանը, որում Խաշոգջիին անվանել են «զոհաբերվող գառնուկ»։
Մուտրեբը հետախուզության ավագ սպա է։ Նա թագաժառանգի հետ լուսանկարներում երեւացել է վերջինիս Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա կատարած այցերի ժամանակ։
Ըստ Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցչի, Մուտրեբն այդ գործողության համար ընտրվել է, քանի որ ճանաչել է Խաշոգջիին, երբ նրանք միասին աշխատել են Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը եւ կարող էր համոզել նրան վերադառնալ Սաուդյան Արաբիա։
Սալա Մոհամեդ Տուբեյգի
Տուբեյգին հանդիսանում է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության քրեական հետաքննությունների դեպարտամենտի դատական փորձագետ։
Ըստ սաուդյան մի պաշտոնյայի՝ Ստամբուլում գործողության ընթացքում Տուբեյգին պետք է վերացներ այն բոլոր հետքերը, որոնք կվկայեին ուժի կիրառման մասին։ ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Տուբեյգին, ամենայն հավանականությամբ, չի հանդիսացել հիմնական խմբի անդամ, այլ հատուկ ընդգրկվել է սպանվածի մարմնի ոչնչացման համար։
Նրանցից բացի, մահապատժի որոշումներ են կայացվել Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիայի անդամներ Ֆախադ Շաբիբ Ալ Բալավիի ու Վալիդ Աբդուլ Ալ Շեխրիի եւ հետախուզության աշխատակից Տյուրկի Մուսերեֆ Ալ Շեխրիի հանդեպ։ Նրանք բոլորը 7 այլ սաուդյան պաշտոնյաների թվում են, որոնք սպանության պահին եղել են հյուպատոսարանում։





























