Իրանամետ «Բարսիջ» շարժման անդամները այրվող հեղուկով լի 6-7 շշեր են նետել Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ուղղությամբ, հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

FARS-ի փոխանցմամբ, մի քանի ցուցարարներ փորձել են դեսպանատան վրա բարձրացնել «Հզբոլլահ»-ի եւ Լիբանանի դրոշները, բայց ոստիկանությունը թույլ չի տվել:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցի արաբական երկրները քննադատել են Իրանի միջամտությունը Ծոցի երկրների ներքին գործերին եւ մեղադրել Իրանի իշխանություններին միջկրոնական պառակտում հրահրելու եւ տարածաշրջանում անվտանգությունը խաթարելու մեջ:

Այս հայտարարությունն արվել է ապրիլի 3-ի երեկոյան, Էր-Ռիադում Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների արտահերթ խորհրդակցության ժամանակ:

Խորհուրդը խստորեն դատապարտել է Իրանի միջամտությունը Բահրեյնի գործերին: Միաժամանակ լեգիտիմ է համարվել Բահրեյն ռազմական ստորաբաժանումներ մտցնելը, քանի որ այն իրականացվել է Խորհրդի 6 անդամ երկրների (Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Օման, Քաթար եւ ԱՄԷ) համաձայնության արդյունքում:

Իրանը կոչ էր արել դուրս բերել օտարերկրյա զորքերը Բահրեյնից, ինչը Խորհրդում համարել են «թշնամական դիրքորոշում եւ սադրիչ միջամտություն Ծոցի երկրների ներքին գործերին»:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները Բահրեյնում սկիզբ էին առել փետրվարի կեսերին: Շիա մահմեդականները, որոնք կազմում են բնակչության շուրջ 75 տոկոսը, բողոքում են իշխող սուննի փոքրամասնության կողմից իրենց իրավունքները ոտնահարելու դեմ: Սուննիները 18-րդ դարից իշխում են Բահրեյնում: