Եվրամիությունը որոշում է կայացրել խստացնել պատժամիջոցները Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ: Նման որոշում է կայացվել ԵՄ 27 անդամ երկրների ԱԳ նախարարների Լուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ նախարարների խորհուրդը հավանություն է տվել Լիբիայի, այդ թվում այդ երկրի նավթագազային ոլորտի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու որոշմանը: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում նոր միջոցներ կձեռնարկվեն Քադաֆիի ռեժիմի հետագա ֆինանսավորումը կանխելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Էշթոնը չի մանրամասնել, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվելու Քադաֆիի ռեժիմի դեմ, բայց հավելել է, որ ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները «շարունակելու են Լիբիայի իշխանություններին զրկել նավթի ու գազի արտահանումից ստացվող միջոցներից»:
Հիշեցնենք, որ Եվրամիության խորհուրդը այս տարվա մարտին արդեն ընդլայնել էր Լիբիայի իշխանությունների դեմ կիրառվող պատժամիջոցները, մասնավորապես աջակցել է այդ երկիր զենքի մատակարարումների վրա դրված արգելքին:
Այդ ժամանակ ԵՄ-ն արգելել էր Լիբիայի օդանավերի թռիչքները Եվրամիության օդային տարածքում, ինչպես նաեւ «ցանկացած օդանավի թռիչք, որը ԵՄ-ի կարծիքով, կարող է արգելված բեռներ տեղափոխելիս լինի, այդ թվում զինված վարձկաններ»:





























