Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը շարունակում է ցուցմունքներ տալ:

Եգիպտոսի արդարադատության նախարար Մոհամմեդ էլ-Գուինդին հստակեցրել է, որ սրտի նոպայից հետո Մուբարաքի վիճակը կարգավորվել է, ինչը թույլ է տալիս վերսկսել հարցաքննությունը հիվանդանոցի պատերի ներսում, հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:

Նախօրեին Մուբարաքն ու նրա որդիները` Գամալն ու Ալյան ծանուցագրեր էին ստացել դատախազությունից, ուր նրանց կանչել էին մի շարք քրեական գործերով ցուցմունք տալու: Ապրիլի 12-ին հարցաքննության ժամանակ Մուբարաքը բողոքել է առողջական վիճակից, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Ներկայումս նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Եգիպտոսի նախկին նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին կասկածում են ապօրինի հարստացման մեջ, արտերկրում փնտրում են նրանց պատկանող ունեցվածքը: Մուբարաքին նաեւ մեղադրում են զանգվածային ցույցերի ժամանակ ցուցարարներին սպանելու հրաման տալու մեջ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից եւ իշխանությունը հանձնել է բանակին: Զանգվածային ցույցերի ժամանակ զոհվել էր 365 մարդ եւ ավելի քան հինգ հազարը վիրավորվել էին: