«Ըստ ոստիկանության մեր աղբյուրների` «ՔԻՄՏԵԽ» ՍՊԸ (նախկին «ՔԻՄՏԵԽ» գործարան) տնօրեն Սամվել Խաչատրյանը 2010թ. հունիսին կալանավորվել է թմրանյութերի ապօրինի արտադրության եւ ապօրինի շրջանառության հետ կապված, Կազմակերպված հանցավորության դեմ պայքրաի գլխավոր վարչության  4-րդ վարչության կողմից: Նա կալանավորվել է Իրանից ինքնաթիռով վերադառնալուց անմիջապես հետո` օդանավակայանում:

Կալանավորման ժամանակ Ս.Խաչատրյանի ձեռքի պայուսակում եղել է 65 հազար ԱՄՆ դոլար: Ս.Խաչատրյանին ոստիկանություն բերման ենթարկելուց հետո գումարն անհետացել է: Ըստ պտտվող լուրերի` այդ գումարը համատեղ յուրացրել, գրպանել են 4-րդ վարչության աշխատակիցները` 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերոզովսկին եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը:

Գումարը փաստացի եղել է Ս.Խաչատրյանի մոտ բերման ենթարկելիս, սակայն չի արձանագրվել անձնական իրերի գրանցման ժամանակ: Այս գործով հետաքրքրվել է ԱԱԾ-ն: Նշենք նաեւ, որ Ալեքսանդր Բերեզովսկին Ռոման Բերեզովսկու մեծ եղբայրն է, Նազարեթ Մնացականյանը Մնացական Մնացականյանի (Թալինի քաղաքապետ) կրտսեր եղբայրը, իսկ Գագիկ Ավետիսյանը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդ Վաչիկի մերձավորներից մեկը»,-տեղեկացնում է «Ժամանակ»-ը: