Ղազախստանի գլխավոր սանիտարական բժիշկը որոշում է կայացրել չծխվող ծխախոտային եւ անծխախոտ արտադրանքի՝ այսպես կոչված սնյուսների ներկրման, վաճառքի եւ օգտագործման ժամանակավոր արգելք մտցնելու մասին։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների եւ ծառայությունների որակի եւ անվտանգության վերահսկման կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսպես կոչված չծխվող ծխախոտային եւ անծխախոտ «սնյուսների» մեծ տարածվածության հետ կապված, որոնք պարունակում են 20-250 միլիգրամ նիկոտին (համեմատության համար՝ մեկ ծխախոտում պարունակվում է 1,5 միլիգրամ նիկոտին) եւ օգտագործման ժամանակ կարող են առաջ բերել նեյրոթունավոր խախտումներ՝ հանգեցնելով գիտակցության խանգարման, հետագայում՝ ֆիզիկական եւ վարքային կախվածության, Ղազախստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը որոշում է կայացրել չծխվող ծխախոտային եւ անծխախոտ արտադրանքի՝ այսպես կոչված սնյուսների ներկրման, վաճառքի եւ օգտագործման ժամանակավոր արգելք մտցնելու մասին»,- ասվում է երեքշաբթի հրապարակված հաղորդագրությունում։
Արտադրանքի անվտանգության մոնիթորինգի նպատակով կոմիտեի տարածքային բաժանմունքներին հանձնարարվել է գնել ողջ հանրապետությունում ծխախոտային եւ ոչ ծխախոտային ծամվող եւ ծծվող խառնուրդները, որոնք պարունակում են նիկոտին եւ/կամ դրա ածանցյալները, առեւտրի բոլոր օբյեկտներից՝ հետագայում դրանցում նիկոտինի եւ այլ թունավոր նյութերի պարունակությունը պարզելու համար։
Հանձնարարվել է նաեւ տեղական գործադիր մարմինների, կրթության, առողջապահության վարչությունների, առողջության երիտասարդական կենտրոնների հետ համատեղ իրականացնել ծավալուն գործողություններ՝ բացատրելու համար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ երեխաների ու դեռահասների օրգանիզմի վրա այդ խառնուրդներն ու փսիխոակտիվ նյութերը։ «Ստուգումների ժամանակ պետք է իրականացնել բացատրական աշխատանք, եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրության համապատասխան,- նշել են գերատեսչությունում։- Ներքին գործերի մարմինների հետ համատեղ տնտեսվարող սուբյեկտներին տեղեկացնել մինչդպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների համար նշված արտադրանքն արգելելու մասին բոլոր օբյեկտներում (կրթական կազմակերպություններ, առեւտրի կետեր, առեւտրային-զվարճանքային օբյեկտներ եւ այլն)։
Խանութների վաճառասեղաններին նորմերին չհամապատասխանող արտադրանք հայտնաբերելու դեպքում կոմիտեն թույլ է տալիս կիրառել օպերատիվ միջոցներ։ Ինչպես նշում է գերատեսչությունը, նիկոտինի միջին մահացու չափաբաժինը կազմում է 05-1 միլիգրամ մեկ կիլոգրամ քաշի դեպքում, եւ երեխաների ու պատանիների փոքր քաշի պարագայում նման չափաբաժինը կարող է հանգեցնել մահացու ելքի։





























