Ադրբեջանի տարածքում ոչնչացված եւ ոչնչացվող հայկական հուշարձանների խնդրի լուծման ուղիներից մեկը դատական հայցեր են: Այսօր` ապրիլի 13-ին ասուլիսում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Կարելի է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ միջազգային այլ ատյաններ: Սա պետք է կատարվի պետական մակարդակով, սրանք այն ուղիներն են, որոնցով կարելի է կանխել դեռեւս պահպանված հուշարձանների ոչնչացումը»,- նշեց Սամվել Կարապետյանը, հավելելով, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ դատական հայցեր են եղել այս կամ այն երկրի կողմից հուշարձանների վերացման դեմ: Օրինակ, ըստ նրա, միայն Թուրքիայի դեմ հունական կառավարությունը 1600 հայց է ներկայացրել` պաշտպանելու Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող հուշարձանները:

«Անցած տարի հայցերից մեկը բավարարվեց, եւ Թուրքիան տուգանվեց մեկ միլիոն եվրոյով: Մի բան է պարզ, մինչեւ գրպաններից չհոսի` խելքներին չի հասնի: Պետք է ադրբեջանցիների գրպանին կպնել, անհրաժեշտ է նրանց պատասխանատվության կանչել, ի վերջո»,- ասաց Ս. Կարապետյանը:

Հուշարձանագետը հավելեց, որ իրենց ուսումնասիրած հուշարձանները մի փոքր մասն են այն ամենի, ինչ հայերն ունեցել են: Ստույգ հաշվարկներ չկան, բայց Սամվել Կարապետյանի խոսքով`Կուրի ձախակողմյան ափին` 3 հազար, իսկ Հյուսիսային Արցախում ավելի քան 6 հազար հայկական հուշարձան կա: