Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւը, ում հայկական կողմը հանձնել էր Ադրբեջանին, մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ:

Հաջիեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել քր.օր.-ի 274 հոդվածի (Հայրենիքի դավաճանություն) հոդվածով:

Ինչպես APA-ին հայտնել է Ադրբեջանի կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովըն ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում զինվորի հետ հանդիպումից հետո, Հաջիեւը չի բողոքել պահման պայմաններից եւ իր նկատմամբ վերաբերմունքից:

Ավելին, ըստ Բեհբուդովի` «Անար Հաջիեւն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ցավում է տեղի ունեցածի համար: Նրան փաստաբան են տրամադրել: Խցում եւս երկուսը կային, ովքեր չէին բողոքում պահման պայմաններից եւ վերաբերմունքից: Յուրաքանչյուրին ապահովում են դեղամիջոցներով եւ այլ անհրաժեշտ առարկաներով»:

Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիեւին ադրբեջանական կողմին էին հանձնել մարտի 17-ին:

Նշենք, որ ադրբեջանցի ռազմագերիները հաճախ հրաժարվում են վերադառնալ հայրենիք, քանի որ Ադրբեջանում ենթարկվում են քրեական պատասխանատվության:

Մարտի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հայտարարել էր, թե ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովը հրաժարվում է վերադառնալ հայրենիք, իսկ հայկական կողմը պատրաստ է վերադարձնել նրան, երբ վերջինս հոգեբանորեն պատրաստ կլինի: