Քիչ առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, մարզային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:
Հայտնաբերվել է ԱԿՍ ինքնաձիգ, «Կարաբին» տեսակի հրազեն` մասնատված վիճակում, «Իժ-54» մոդելի երկփողանի որսորդական հրացան, «Իժ-17» մոդելի մեկփողանի որսորդական հրացան, այլ որսորդական հրացաններ, կարճեցված փողով եւ ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, մեկնարկային փամփուշտներ, վառոդ, C-1 տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացիրի դատարկ ժապավեն, դատարկ պահունակ: Հայտնաբերվել է նաեւ 2,2 կիլոգրամ մարիխուանա տիպի թմրանյութ:
Բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնել են նաեւ որսորդական հրացան` 16 մմ տրամաչափի, տարբեր տրամաչափի հրացաններ, փամփուշտներ` 435 հատ:
Այս պահին մեծ քանակությամբ զենքն ու զինամթերքը փաթեթավորվում են , որպեսզի ուղարկվեն ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, քանի որ քննիչի որոշմամբ արդեն նշանակվել է փորձաքննություն:
Աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզային վարչության պետ, գնդապետ Մանվել Շահինյանը, իսկ մարզային վարչության կազմի մեջ մտնող ստորաբաժանումների աշխատանքները ղեկավարել է Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը:








Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























