Երեւանի Տիտոգրադյան փողոցի թիվ 95 էլեկտրական սյան դիմաց ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում վրաերթի են ենթարկել 5 տարեկան երեխայի:  

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 60-ամյա Սերժիկ Մելքոնյանը, ով աշխատում է «Հայռուսգազարդում» արպես բազայի տնօրեն, վարելով «ՎԱԶ 21214» մակնիշի 24 US 224 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 5-ամյա Կարեն Մկրտչյանին։ Սերժիկ Մելքոնյանն իր մեքենայով վերջինիս տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին եւս մեկ նման դեպք էր գրանցվել, երբ վրաերթի էին ենթարկել 5-ամյա երեխայի:

Ապրիլի 9-ին Երեւանի Բագրեվանդ փողոցի 88 շենքի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 5-ամյա Էրիկ Ղեիանյանին եւ թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի: Երեխան ձախ ոտքի շրջանում ստացել էր կոտրվածք եւ տեղի բնակիչների օգնությամբ տեղափոխվել Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն: