Վաղարշապատի Ծիածան գյուղի հանդամասում, ջերմոցում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու մահացել է 26-ամյա մի երիտասարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 13-ին ժամը 19:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ 26-ամյա Գեւորգ Ռաֆայելյանի դիակը:
Հիվանդանոց են մեկնել օպերատիվ քննչական խումբը ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում Գեւորգ Ռաֆայելյանը գտնվել է գյուղի նախկին «Գոմեր» կոչվող տարածքում գտնվող իրենց հողամասում` պոլիէթիլենով ծածկված բույսերի ջերմոցում: Այստեղ աշխատանքներ կատարելու ժամանակ նա հոսանքահարվել ու մահացել է:
Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատափորձաքննություն:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























