Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԽԽՎ ամբիոնից Ֆրանսիային մեղադրել է կրոնական անհանդուրժողականնության մեջ, հաղորդում է EuroNews-ը: Էրդողանին դուր չի եկել այդ երկրում մահմեդական հագուստի որոշ տեսակներ կրելն արգելող օրենքը:
Ֆրանսիացիների պատասխան քննադատությանը` Թուրքիայում կրոնական անհանդուրժողականության օրինակների մասին, Էրդողանը պատասխանել է. «Դուք խոսում եք մի բանից, ինչ չգիտեք: Մեզ մոտ Թուրքիայում անկապ բաներ խոսողին ֆրանսիացի են անվանում»,- ասել է նա մի ֆրանսուհու դիտողությանը պատասխանելով:
Նման բան թուրքերենում իսկապես կա, սակայն, ըստ փորձագետների, վարչապետի ասածը տեղին չէր:
«Նա պատասխանեց ֆրանսուհու, ի դեպ, թուրքական ծագմամբ, հարցին: Դա անհարգալից քայլ էր»,- նշել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Մինյոնը:
Նշենք, որ իր ելույթում փորձելով ապացուցել, թե Թուրքիայում երաշխավորված են կրոնական փոքրամասնությունների իրավունքները, Էրդողանը հիշել է նաեւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման մասին:





























