Հայաստանի ոստիկանությունը ապրիլի 16-ից, ոստիկանության 10-ամյակին նվիրված  տոնակատարություններին զուգահեռ, քաղաքացիներին կներկայա նոր համազգեստով։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 14-ի կառավարության նիստում հայտարարեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որն ի դեպ՝ կառավարություն էր ժամանել տոնական համազգեստով։

Կառավարության նիստից հետո, նա լրագրողների հետ կայացած ճեպազրույցում ասաց, որ նոր համազգեստը թույլ կտա ոստիկանությանը՝ հասարակության շրջանում բարելավել իր իմիջը։

Ըստ ոստիկանության կողմից կառավարություն ներկայացրած բացատրության՝ ներկայումս ՀՀ ոստիկանության ծառայողները կրում են խորհրդային ժամանակների համազգեստը, որը համապատասխանեցված է եղել նախկին խորհրդային պետության միջին կլիմայական պայմաններին: Այդ համազգեստն այժմ արդիական չէ եւ անհարմար է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության խնդիրների իրականացման համար:

Առավել քիչ փոփոխության է ենթարկվելու ոստիկանական զորքերի համազգեստը։ Իսկ ահա պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկանների համազգեստը ամբողջովին կփոխվի՝ նմանվելով Եվրամիության անդամ երկրների համապատասխան ծառայությունների համազգեստին։