Ամերիկյան Boeing ընկերության ղեկավարի պաշտոնից ազատված Դենիս Մյուլենբուրգը վերջնահաշվարկ չի ստացել, սակայն ընկերությունը նրան ավելի քան 60 մլն դոլար կվճարի՝ պայմանագրի կատարման շրջանակներում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Դենիսին Boeing ընկերությունում մոտ 35-ամյա աշխատանքի համար։ Ազատվելուց հետո Դենիսը կստանա այն եկամուտը, որը նրան հասնում է պայմանագրով, սակայն նրան չի վճարվի 2019թ․ արդյունքներով վերջնահաշվարկը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Այսպիսով, Մյուլենբուրգը անցյալ տարվա արդյունքներով զրկվել է 14,6 մլն դոլարից, սակայն ընդհանուր առմամբ պետք է ստանա 62,2 մլն դոլար։
Boeing-ի նոր ղեկավար Դեւիդ Կելխունն ընկերությունից կստանա 7 մլն դոլար, եթե հասնի նրան, որ վերականգնվեն 737 Max մոդելի ինքնաթիռների չվերթները, որոնք երկու ավիավթարների (346 զոհ) պատճառով անցյալ տարվա մարտից չեն թռչում։
Կելխունը իր պարտականությունների կատարմանը կանցնի հունվարի 13-ից։ Նախկինում նա զբաղեցնում էր ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Աշխատանքից Մյուլենբուրգի հեռացման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 23-ին։ Նա ընկյերություն է եկել 1985թ․, 2015-ին նշանակվել է Boeing-ի ղեկավար, իսկ մինչ այդ ղեկավարել է տիեզերքի, պաշտպանության եւ անվտանգության վարչությունը։




























