Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա`ապրիլի 13-ի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ  հնչեցրած ելույթը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ նա անզուսպ քաղաքական գործիչ է: Այս մասին այսօր`ապրիլի 14-ի ասուլիսում ասաց  ԳԱԱ  Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ  Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դա հերթական սկանդալը կարելի է համարել, քանի որ քննադատությանը նորմալ վերաբերելու փոխարեն, Էրդողանն ընտրեց  «Դուք ո՞վ եք, որ ինձ հարց  ուղղեք» գործելաոճը:

Թուրքագետի խոսքով, մասնավորպես դա է վկայում Ֆրանսիայի ներկայացուցչի հարցի արձագանքը` կապված Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրների հետ:

Անուշ Հովհաննիսյանի ներկայացմամբ, անթույլատրելի են նաեւ Էրդողանի ակնարկներն Ախթամարի վերականգնման, ինչպես նաեւ այնտեղ ապրող հայերի վտարման մասին: «Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրականում վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` հայերի նկատմամբ չի  փոխվել»,- ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով` Թուրքիայի ազատ պահվածքը Եվրոպայում նախեւառաջ բացատրվում է միջազգային ասպարեզում ունեցած նրա կշիռով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ վերջին շրջանում Թուրքիան հասել է տնտեսական հաջողությունների, ակտիվ քաղաքականության շնորհիվ ձեռք է բերել «ռեգիոնալ խաղացողի իմիջ» եւ անընդհատ միջամտում է տարբեր բանակցություններում` որպես խաղաղասեր միջնորդ:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԽԽՎ ամբիոնից բարկացել է ֆրանսիայի ներկայացուցչի` Թուրքիայում կրոնական փոքրամասնություններին վերաբերող հարցի վրա եւ վիրավորել նրան. «Դուք խոսում եք մի բանից, ինչ չգիտեք: Մեզ մոտ Թուրքիայում անկապ բաներ խոսողին ֆրանսիացի են անվանում»,- ասել է նա: