Արդեն վեց տարի է՝ անհայտ անձինք փաթեթով փողեր են թողնում Բլեքհոլ-Կոլյերի գյուղում, որը Անգլիայի հյուսիսային Դարեմ կոմսությունում է։ Եւ ահա այժմ վերջապես հաջողվել է պարզել, թե ով է դա անում, թեեւ «բարի սամարացիները», ինչպես նրանց անվանում է ոստիկանությունը, նախընտրում են անհայտ մնալ, հայտնում է BBC-ն։
Փաթեթով մինչեւ երկու հազար ֆունտ (2600 դոլար)՝ 20 ֆունտանոց թղթադրամներով դրվում էր տեսանելի վայրում, հաճախ նույնիսկ մայթին։
Երկու բարերարներ ոստիկանությանը հայտնել են, որ իրենք անսպասելի փող են հայթայթել եւ որոշել են կիսել այն։ 2014 թվականից նրանք դա ԲլեքհոլԿոլյերիում առնվազն 12 անգամ են արել։
Բարեգործներից մի կին ասել է, թե այդ նախկին հանքափորային գյուղի հետ զգացմունքային կապ է զգում այն բանից հետո, երբ անցյալում իրեն օգնել է տեղի բնակիչներից մեկը, եւ ինքն ուզեցել է վարձահատույց լինել ամբողջ գյուղին։
Վերջին վեց տարիներին տեղի բնակիչները հայտնաբերած ամբողջ փողը՝ 26 000 ֆունտ (մոտ 34 000 դոլար) հանձնել են ոստիկանությանը։ Բրիտանական օրենքներով՝ եթե գտնված փողերի տերերը չեն կարող հայտնաբերվել կամ հրաժարվում են դրանք հետ վերցնել, ապա որոշ ժամանակ անց փողը վերադարձվում է նրան, ով այն գտել է։
Մինչ այժմ գտնված բոլոր փողերի փաթեթները վերադարձվել են դրանք գտած մարդկանց։
«Բարի սամարացիները» հատուկ փողերը ոչ միայն տեսանելի վայրում են թողել, այլեւ այնպիսի տեղերում, որտեղ անապահով մարդիկ են ապրում, օրինակ՝ թոշակառուներ։ Նրանք հաճախ սպասել են մոտակայքում, որպեսզի համոզվեն, որ փողը գտել են։
«Ես շատ ուրախ եմ, որ այժմ մենք կարող ենք վստահաբար ասել, որ խոսքը ոչ հանցավոր խմբի, ոչ հոգեկան խանգարում ունեցող մարդու մասին է։ Ես կուզեի շնորհակալություն հայտնել այս բարի սամարացիներին այն բանի համար, որ նրանք կապվել են մեզ հետ, ինչպես նաեւ գյուղի ազնիվ բնակիչներին, որոնք ամեն անգամ բերել են փողը ոստիկանություն»,- հայտարարել է Դարեմի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Ֆոսթերը։





























