Ապրիլի 15-ի առավոտյան ժամը 11:04-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն այն մասին, որ Բարբուսի 55/1 հասցեում գտնվող տանը ռումբ է տեղադրված: 

Ինչպես NEWS.am-ին հայտնեց  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ նշված վայր են մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարար վարչության աշխատակիցները`վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ Պաշտպանության նախարարության սակրավորները, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, սակայն, որ ահազանգը կեղծ է եղել, քանի որ հետախուզական աշխատանքների արդյունքում ոչ մի ռումբ չի հայտնաբերվել:

Հարեւանները նշել են, որ մինչեւ ահազանգը երկու-երեք դիմակավորված անձինք, անցնելով առանձնատան պատի վրայից, ներս են մտել տան տարածք եւ քիչ անց կրկին դուրս եկել: Տան բակում կանգնած է եղել «Բրաբուս» մակնիշի ջիփ ավտոմեքենա` 01 SL 005 համարանիշով: Տունը, ըստ հարեւանների, պատկանում է ոմն Համոյի: Թե ով է նա, առայժմ հայտնի չէ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի