Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների մեջ, եւ անկախ նրանց ցանկություններից օդանավակայանը բացվելու եւ գործելու է: Այդ մասին Ազգային Ժողովում ճեպազրույցին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ մտահոգությունները Ստեփանակերտի օդանավակայանի կապակցությամբ վերջին հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, թե ԵԱՀԿ ՄԽ հիմնական առաքելությունն է ապահովել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների անընդհատությունը, ինչով էլ նա զբաղվում է:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, թե ՄԽ մտահոգություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին, որը սկզբնապես մեծ աղմուկ էր բարձրացրել օդանավակայանի շահագործման կապակցությամբ, սակայն հետո հաշտվել էր այդ մտքի հետ: Նա նշել է, թե Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են: «Ադրբեջանի իշխանություններն իրենց մոտ մի բան են ասում, դրսում եւ բանակցությունների ժամանակ` այլ»- նկատել է Շահբազյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը գնահատել է, ոչ պրակտիկ քայլ ղարաբաղյան կարգավորման գործում: Նա ընդգծել է, թե որքան մոտենում է կարգավորումը, այնքան ավելի ակտիվ եւ համախմբված է դառնում թուրք-ադրբեջանական տանդեմի հակազդեցությունը: Սաֆարյանը նշել է, թե օդանավակայանը պետք է գործի` անկախ ամեն ինչից:





























