Արաբական երկրներում «ցասման ուրբաթը» սկսվել է ապրիլի 15-ին` զանգվածային ցույցերով Բաղդադում եւ Մոսուլում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրաքյան «Ար-ռաֆիդեյն» հեռուստաալիքը, իշխանությունների ձեռնարկած միջոցառումները չեն կարողացել խոչընդոտել մայրաքաղաքի կենտրոնում ցույցերի անցկացմանը:
«Նուրի ալ-Մալիքի, հեռացիր», «Իրաքում փոփոխությունների ժամանակն է»,- վանկարկել են ցուցարարները` ճեղքելով ոստիկանական շրջափակումը: Իրավապահները աջակցել են ցույցի մասնակիցներին:
Եթերում ցույց են տվել ոստիկանության գնդապետի, ով անցել է ցուցարարների կողմն ու հայտարարել, թե նրանց պահանջներն արդար են:
Հորդանանում զանգվածային երթ է, որ սկսվել է Ամմանի կենտրոնում Ալ-Հուսեյն մզկիթից: Դա վերջին երեք ամսում ընդդիմության ամենաբազմամարդ ակցիան է: Նրանք ընտրովի կառավարություն եւ խորհրդարան են պահանջում»: Ցույցեր են ընթանում Աքաբում, Իրբիդում, Քարաքում եւ Մաանայում:
Բազմամարդ ցույցեր են ընթանում նաեւ Եմենի Սանա եւ Տաիզե քաղաքներում:





























