ԱՄՆ վարչակազմը շարունակում է վճռականորեն աջակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)  Ռուսաստանի անդամակցությանը եւ կարծում է, որ հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարեվերջ: Այդ մասին հաղորդել է  Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Մայքլ Մակֆոլը Ռուսաստանի տնտեսությանը նվիրված համաժողովում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով`այդ թեման կոնգրեսի հետ առավել առարկայական կքննարկվի այն ժամանակ, երբ վերջնականապես կհամաձայնեցվեն  կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բոլոր պայմանները: Սպիտակ տունը ենթադրում է, որ այդ թեման կոնգրեսին կներկայացվի Կոլումբիայի, Պանամայի եւ Հարավային Կորեայի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրերի քննարկումից հետո:

Մակֆոլը նշել է, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցում անհրաժեշտ է նաեւ Վրաստանի համաձայնությունը, որը դեռեւս չկա: Նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը հանդես է գալիս տվյալ հարցի քաղաքականացման դեմ: