Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 16-ին ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության օրվան նվիրված շքերթին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ոստիկանության աշխատակիցներին եւ վետերաններին` մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքն ամբողջությամբ.
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ, շարքայիններ,
Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Անցած երկու տասնամյակները Հայաստանի ոստիկանության կայացման ու ամրապնդման կարեւոր շրջան էին, որի ընթացքում դուք իրականացրել եք ձեր առաքելությունը: Եվ Արցախյան ազատամարտում, եւ հանցավորության դեմ պայքարում մեր ոստիկաններից շատերը դրսեւորեցին մասնագիտական բարձր որակներ ու հերոսական կեցվածք: Ոմանք ընկան այդ կռվում, բայց նրանց հիշատակը եւ նկարագիրը` արդար եւ ուժեղ ոստիկանի կերպարը, մնացին եւ պետք է մնան որպես չափանիշ, որպես ձեր աշխատանքի ու ծառայության ուղեցույց:
Հայաստանի ոստիկանությունն այս ընթացքում անցավ վերափոխումների բարդ շրջադարձերի միջով, եւ այսօր էլ բարեփոխումներն ու արդիականացումը համակարգում շարունակվում են: Ժամանակակից պահանջներին համապատասխանող օրենքների ընդունումը եւ օրենսդրական փոփոխությունների ողջ փաթեթը, իհարկե, անհրաժեշտ էին, բայց ակնհայտ է, որ դրանք բավարար չեն: Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ձեւավորել քաղաքացի-ոստիկան, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների նոր մշակույթ, նոր ավանդույթ: Երբեմն չափն անցնում է ոստիկանը, երբեմն` քաղաքացին: Այս իրողությունը մեծապես խոչընդոտում է ընդհանուր զարգացմանը: Դրանից հավասարապես տուժում եւ հավասարապես դժգոհ են թե քաղաքացին, թե ոստիկանը: Մեր խնդիրն է ձեւավորել այդ նոր ավանդույթը, եւ այստեղ առաջին դերը կրկին պատկանում է ձեզ, որովհետեւ դուք ներկայացնում եք պետական կառույց եւ հիմնականում կայացած կառույց: Ձեզնից ակնկալվում են բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն եւ մյուս կողմից `վճռականություն: Այո, սա բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ դժվար է որոշել սահմանը, բայց դա ձեր մասնագիտությունն է, ձեր առաքելությունն է եւ պարտականությունը:
Քաղաքացիների իրավունքների եւ ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաեւ պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երեւանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի եւ հասարակության նկարագրից, բայց սա նաեւ մեր ոստիկանության արժանիքն է, որ պետք չէ ուրանալ:
Տոնական օրերին այնքան էլ ընդունված չէ խոսել խնդիրների եւ բացթողումների մասին, բայց, կարծում եմ, որ դուք, հարգելի´ ոստիկաններ, արդեն սովոր եք զգոնության եւ զգաստության կոչերին: Փաստ է նաեւ այն, որ օրինականության պահպանման հարցերում մենք ձեզ հետ միասին դեռ լուրջ անելիքներ ունենք: Վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիներն իսկապես ուզում են ապրել օրենքով: Ձեզնից ակնկալվում է, որ դուք հստակ ձեւակերպեք ձեր պահանջներն ու խնդիրները, ինչպես նաեւ բացառեք խտրականությունը: Օրենքի առջեւ հավասարության սկզբունքի խախտումը, նույնիսկ մեկ խախտումը, վարկաբեկում եւ փլուզում է ողջ համակարգը: Հենց այդ համակարգն է կոչված ձեւավորելու նոր` բոլորիս կողմից ընդունելի ավանդույթը, քաղաքացու եւ ոստիկանի փոխհարաբերության ավանդույթը: Կրկնում եմ` մեր խնդիրն է ձեւավորել նոր մշակույթ, այլ ո´չ քայքայել այն դեռեւս սաղմնային վիճակում: Ընդունում եմ, կյանքը շատ ավելի հարուստ է ու բազմաշերտ, քան թղթի վրա գրված օրենքները, եւ դուք ամեն օր, ձեր գործի բերումով, բախվում եք ամենատարբեր իրավիճակների: Լինում են արտակարգ դեպքեր ու բացառություններ, բայց մեր խնդիրն է նվազագույնի հասցնել բացառությունները:
Խնդրում եմ հիշել, որ մեր երկրի քաղաքացիներն ու հյուրերը ոչ մի պաշտոնյայի այնքան հաճախ չեն հանդիպում, որքան ձեզ` փողոցից սկսած:
Նրանց համար առաջին հերթին դուք եք ներկայացնում մեր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը, որ կարող է նրանց աչքում բարձրանալ կամ հակառակը` վարկաբեկվել հինգ րոպեում: Նման պատասխանատվությունը ծանր է, բայց պատվաբեր, եւ հենց այդ պատճառով մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը եւ պատրաստ ենք ամենայն աջակցության:
Հարգելի ոստիկաններ,
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին քաջառողջություն, հաջողություններ ձեր ծառայության մեջ: Նոր Հայաստանի կերպարը ձեւավորվում է բազմաթիվ բաղադրիչներից, որոնց մեջ ամենակարեւորներից է նաեւ ոստիկանի կերպարը: Մաղթում եմ, որ այդ կերպարը համապատասխանի մեր հասարակության պահանջներին եւ իդեալներին: Մեր երկրի ներկան ու ապագան պայմանավորված են բազմաթիվ գործոններով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի եւ անփոխարինելի է: Այդ առանցքային գործոններից մեկը դուք եք, հարգելի´ ոստիկաններ: Եվ ես մաղթում եմ ձեզ արժանի լինել ձեր բարձր կոչմանը:
Շնորհավորում եմ:
Հանրապետության ղեկավարը, ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է ՀՀ մեդալներով:





























