«Ես բղավում էի եւ փորձում էի դուրս գալ»,- վրացի լրագրողներին ձնահյուսի տակ առաջին րոպեների մասին պատմել է Հայաստանի քաղաքացի Մարինա Խաչատուրյանը:
«Մենք մեքենայով էինք, եւ հանկարծ հայտնվեցինք կիրճում: Ես սկսեցի բղավել եւ փորձում էի դուրս գալ, վարորդն օգնում էր ինձ: Ուժերս սպառվել էին, շատ ցուրտ էր: Ժամանեց ոստիկանությունը, նրանցից մեկն օգնեց ինձ դուրս գալ: Ժամանեց նաեւ շտապօգնությունը, եւ ինձ հիվանդանոց տարան, այժմ ես ինձ լավ եմ զգում»,- պատմել է նա Imedi հեռուստաալիքի լրագրողին, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Խաչատուրյանը գտնվում է Ստեփանծմինդայի կլինիկայում, նրա մոտ անրակի կոտրվածք եւ կապտուկներ են:
Ինչ վերաբերում է վարորդին, նրան ոտքերի կոտրվածքներով տեղափոխել են Թբիլիսիի կլինիկաներից մեկը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ավտոմեքենա է ընկել կիրճը ձնահյուսի պատճառով, ՌԴ մեկ քաղաքացի զոհվել է, եւս երկու մարդ, որոնք Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ են, տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:





























