Հայաստանի կառավարությունը հաստատել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարությունը մարզպետ Արամ Քոչինյանին հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել ծրագրի իրականացման աշխատանքային պլան, այդ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների եւ անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը: Լոռու մարզի զարգացման ծրագիրը կազմվել է համապետական ռազմավարական ծրագրերին համահունչ, հաշվի են առնվել տեղի առանձնահատկությունները՝ 1988թ. աղետի հետեւանքների առկայությունը, մարզի արդյունաբերական հզոր անցյալը եւ մեծ ներուժը, քաղաքային բնակչության գերակշռությունը, հասարակական, ոչ կառավարական կազմակերպությունների մեծ թիվը եւ գործունեության ոլորտների բազմազանությունը եւ այլն:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2009թ. պետբյուջեում եւ իր պահուստային ֆոնդի հաշվին պետբյուջեից գումար հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝ 21 մլն 810 հազար դրամ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի սողանքային տարածքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

Կառավարությունը նաեւ գումար է հատկացրել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի՝ Ահնիձոր համայնքում գտնվող հայրական տունը վերանորոգելու համար: