Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը անցկացրել է զինվորական վարժանքներ, որի ժամանակ Ռուսաստանի հետ միջուկային «սահմանափակ» կեղծ հարվածներ են փոխանակվել, հաստատել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Լրագրողներին այդ մասին պատմելու ռազմական գերատեսչության որոշումը շատ անսովոր էր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Հետաքրքիր է նաեւ այն, որ զինվորական խաղերը վերածել են վիճելի գաղափարի, թե միջուկային զենքի կիրառմամբ մարտը կարելի է հաղթել եւ չհասցնել լայնամասշտաբ հակամարտության, որի արդյունքը կլինի մարդկության ոչնչացումը։
Վարժանքներն անցել են մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ԱՄՆ-ի սպառազինության մեջ ներդրվել է ստորջրյա բազավորման սակավաուժ մարտագլխիկ, որը շահագործման մեջ է դրվել նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով։ Մարտագլխիկը պետք է հակակշիռ դառնա ռուսական մարտավարական զենքին եւ կոչված է զսպել դրա կիրառումը։
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ ոչ պաշտոնական ճեպազրույցի ձայնագրության համաձայն, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը մասնակցել է Նեբրասկայում ԱՄՆ Ռազմավարական հրամանատարության «մինի-վարժանքներին»։ Էսպերը կատարել է ինքն իր դերը մտացածին ճգնաժամային իրավիճակում, որտեղ Ռուսաստանը գրոհել է Եվրոպայում ամերիկյան օբյեկտները։
«Այդ վարժանքների ընթացքում մենք իբր պատասխանել ենք միջուկային զենքի կիրառմամբ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ բնութագրելով այն որպես «սահմանափակ արձագանք»։





























