Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օբ դեպարտամենտի իրավապահները ձերբակալել են զինված տղամարդու, ով նախօրեի երեկոյան Լա Չապել-Սեն-Լյուկ կոմունայում պատանդ էր վերցրել իր կնոջն ու հինգ երեխաներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիայի ոստիկանության RAID հատուկ ստորաբաժանումն իրականացրել է օպերացիան եւ ձերբակալել է զինված տղամարդուն: Ոչ ոք չի տուժել»,- Twitter-ում հայտնել են իրավապահ մարմինները:

Երեքշաբթի BMFTV հեռուստաալիքը հաղորդել էր, որ  Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Տրուա քաղաքում զինված տղամարդը պատանդ է վերցրել իր հղի կնոջն ու հինգ երեխաներին: Տան շուրջը, որտեղ ծավալվում էին իրադարձությունները, անվտանգության պարագիծ էր ստեղծվել, ոստիկանությունը բանակցություններ էր վարում հանցագործի հետ: Երբ ոստիկանության առաջին խումբը մոտեցել էր տանը, տղամարդ կրակել է նրանց վրա՝  ոչ ոքի չվիրավորելով:

Ինչպես հայտնել է France 3-ը, դեպքի պատճառն ընտանեկան սկանդալն էր: Ըստ հեռուստաալիքի, 1986 թվականին ծնված տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: