Կլիմայի փոփոխությունն առնվազն 30 տոկոսով մեծացրել է Ավստրալիայում էքստրեմալ հրդեհների շանսերը՝ ասվում է World Weather Attribution-ի կլիմայագետների հետազոտության մեջ, հաղորդում է AP-ը:
Ավստրալիայից, Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից գիտնականները հաշվարկել են, թե ինչպես է անթրոպոգեն գլոբալ տաքացումը մեծացրել Ավստրալիայում հրդեհների ռեկորդային սեզոնի հավանականությունը՝ համեմատելով կլիմայի փոփոխության տարբեր մակարդակների հետ բախված մայրցամաքի համակարգչային մոդելները:
Անցած տարին Ավստրալիայի պատմության մեջ ամենաշոգը եւ ամենաչորն է եղել: «Կան ապացույցներ, որ հրդեհների սեզոններն Ավստրալիայում երկարաձգվել եւ ավելի ինտենսիվ են դարձել, եւ դրանում իր դերն է ունեցել էքստրեմալ ջերմաստիճանը»,- ասել է Նոր Հարավային Ուելսի համալսարանի կլիմայի հարցերով մասնագետ եւ հետազոտության համահեղինակ Սոֆի Լյուիսը:
Ավստրալիայում 2019-2020 թվականներին հրդեհների հետեւանքով ոչնչացվել է 19 մլն հեկտար անտառային տարածք, զոհվել է 34 մարդ: Հրդեհները ոչնչացրել են նաեւ ավելի քան 1 միլիարդ կենդանիների:




























