Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին, հայտնում է CNBC-ն:
Ըստ նրա` գումարը նախատեսված է ցածր եկամուտ ունեցող երկրների եւ զարգացող շուկաների համար: Նա նշել է, որ գումարի մեծ մասը տոկոսազուրկ կլինի, եւ երկրներին մասնակցության համար պարտադիր չէ ԱՄՀ-ի հետ գործող ծրագիր ունենալ: «Մենք գտնվում ենք փոխգործակցության վաղ փուլում, բայց ես կարող եմ հավաստիացնել, որ մենք շատ արագ կգործենք դիմումները ստանալիս»:
Գեորգիեւայի խոսքով` ԱՄՀ-ն կցանկանար, որպեսզի գումարն օգտագործվի նախեւառաջ առողջապահական համակարգերին աջակցության համար, իսկ հետո` հարկային խթանման նպատակային ծրագրերի եւ լիկվիդայնության ապահովման: Կազմակերպությունն աշխատում է նաեւ Համաշխարհային բանկի հետ` երկրներին որոշակի բժշկական սարքավորումներ ձեռք բերելու հարցում օգնելու համար, ինչպիսիք են բժշկական դիմակները եւ շնչառական սարքավորումները, որոնք օգտագործվում են վիրուսի դեմ պայքարում:
Ավելի վաղ Համաշխարհային բանկը հայտարարել էր 12 միլիարդ դոլարի ծրագրի մասին` աղքատ երկրներին համաճարակի հետեւանքները հաղթահարելու գործում օգնելու համար:
«Մենք կարծում ենք, որ ժամանակն է նախազգուշական միջոցներ ձեռնարկել, եթե բռնկումն ավելի լուրջ դառնա»,- ասաց Գեորգիեւան:
«Մենք բախվել ենք պահանջարկի ընդհանուր թուլացմանը, այդ թվում նաեւ` առեւտուրը եւ զբոսաշրջությունը, ապրանքների գները, ֆինանսական պայմանների խստացումը»:





























