Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում զուգարանաթղթով բեռնատար է այրվել, ինչը խուճապ է առաջացրել ապրանքի մատչելիության հետ կապված, քանի որ դրա պահանջարկը վերջին շրջանում աճել է կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Reuters-ի հաղորդմամբ՝ մարդիկ խանութներից խուճապահար զուգարանաթուղթ են գնում, ինչը Woolworths եւ Coles սուպերմարկետների ցանցին ստիպել է սահմանափակել գնման համար հասանելի քանակը:

Կառավարությունը մարդկանց կոչ է արել պաշար չհավաքել, իսկ վարչապետ Սքոթ Մորիսոնը փորձել է հանգստացնել սպառողներին:

Ավստրալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 53-ի, 2 մարդ է մահացել:

Ոստիկանության եւ հրշեջ ծառայությունների հաղորդմամբ՝ բեռնատարն այրվել է շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, տուժածներ չկան:

Որոշ ԶԼՄ-ներ օգտվել են զուգարանաթղթի պատճառով առաջացած խուճապը ծաղրելու հնարավորությունից:

NT News թերթը 8 դատարակ էջ է հրապարակել՝ հայտարարելով, որ այդպիսով ընթերցողներին տալիս է այն, ինչը նրանց պետք է:

Twitter-ում հայտնվել են #ToiletPaperEmergency եւ #ToiletPaperApocalypse հեշթեգներ: